ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եղեռնից հետո հայ կանայք իրենց երեխաներին պահել են ասեղնագործությամբ և ժանեկագործությամբ» (ֆոտոշարք)

«Եղեռնից հետո հայ կանայք իրենց երեխաներին պահել են ասեղնագործությամբ և ժանեկագործությամբ» (ֆոտոշարք)
28.09.2012 | 11:49

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում սեպտեմբերի 28-ին կբացվի վերականգնված գորգերի ցուցահանդես: Սփյուռքահայ բարերարի աջակցությամբ վերականգնվել են կենտրոնի վնասված գորգերը: Ցուցադրությանը ներկա են լինելու հյուրեր արտասահմանից: Սեպտեմբերի 29-ին և 30-ին, Եվրոպական մշակութային օրերի շրջանակում, «Տունդարձի ճանապարհ» խորագրի ներքո կցուցադրվեն սփյուռքահայերի` կենտրոնին նվիրած ժողովրդական արվեստի նմուշները:
ժողովրդական արվեստը որքա՞ն է այսօր ընդունված և հայտնի, ցուցադրվո՞ւմ է արդյոք արտասահմանում: Անդրադառնալով մեր այս հարցին` կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանն ասաց, որ ժողովրդական գեղարվեստական գործվածքը պարբերաբար ներկայացվում է դրսում, սակայն ավելի շատ շեշտը դրվում է գորգարվեստի ցուցադրության վրա:
«Այս ամռանը Մոսկվայում մասնակցեցինք «Ինտերմուզեյ-2012» թանգարանների միջազգային փառատոնին, որտեղ ներկայացրել էինք հայկական ասեղնագործ ժանյակի, գորգի, սրբիչի և փայտի գեղարվեստական փորագրության մեկական նմուշ,- ասաց նա:- Ժանյակի ծածկոցն անհամեմատ մեծ հետաքրքրություն առաջացրեց, որովհետև իրապես շատ ազգային է: Եթե գորգի դեպքում մեր հարևանները հաճախ դա համարում են իրենցը, ապա այս դեպքում նման խնդիր չի կարող լինել, քանի որ տարածաշրջանում ասեղնագործ ժանյակ ունենք միայն մենք: Շատերը զարմանում էին, որ ձեռքով արված աշխատանք է, ասում էին, որ նման գեղեցիկ աշխատանք առաջին անգամ են տեսնում»: Կարինե Բազեյանը նշեց նաև, որ ժանեկագործությունն այն արվեստն է, որով զբաղվել են բացառապես կանայք, ուստի երբևէ արվեստանոց չի ունեցել: Ժանյակե իրերը տանն էին արվում, բայց դրանք բոլորը միանշանակ բարձրարժեք արվեստի գործեր են: Նրա տեղեկացմամբ` ասեղնագործությունն այսօր առավել տարածված է հատկապես սփյուռքում: Եղեռնից հետո մեր կանայք իրենց երեխաներին պահել են ասեղնագործությամբ և ժանյակագործությամբ: Եվրոպացի միսիոներները բացել են արհեստանոցներ, որտեղ աշխատել են հարյուրավոր կանայք ու աղջիկներ, ինչպես նաև պատվերներ են տվել և պատրաստի արտադրանքն ուղարկել են Եվրոպա ու Ամերիկա։ Այնտեղի շուկայից նրանք դուրս են մղել այն ժամանակվա աչքի ընկնող չինական և այլ ժանյակները: «Այսօր մենք մի քիչ հետ ենք մնացել, չենք կարողանում ներկայացնել մեր ունեցածը: Հայկական ժողովրդական արվեստի հովանավորության զարգացման ու հանրահռչակման պետական քաղաքականություն է պետք»,- հավելեց Կ. Բազեյանը, նշելով, որ իրենց խնդիրը ժողովրդական արվեստի նմուշների ձեռքբերումն է, պահպանումը, վերականգնումը, հանրահռչակումն ու փոխանցումը սերունդներին:
Կենտրոնի հավաքածուն (շուրջ 10000 առարկա) ընդգրկում է փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, արծաթագործության, քարարվեստի, խեցեգործության, գորգի ու կարպետի, ասեղնագործության ու ժանյակի, գեղանկարչության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներին վերաբերող աշխատանքներ: Այստեղ պարբերաբար լինում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, կա երկու բավականին ընդարձակ ցուցասրահ, որոնք տրամադրվում են տարբեր հեղինակների և անհատ կատարողների` իրենց աշխատանքները ցուցադրելու համար:
Կարինե Բազեյանի խոսքով` հայկական ժողովրդական արվեստը համաշխարհային մշակույթի գանձարանում ունի իր կարևոր տեղը, ցավոք, երբեմն դրսում այն գնահատվում է շատ ավելի, քան մեզանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ